Monday, September 24, 2012

«Տաշիր Գրուպը» 32-րդ տեղում է Ռուսաստանի խոշորագույն ձեռնարկությունների Forbes ամսագրի կազմած ցուցակում


Forbes ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր կամ ոչ հրապարակային (ֆոնդային բորսաներում բաժնետոմսեր չունեցող) ընկերությունների վարկանիշային աղյուսակը։
200 մասնավոր ընկերությունների միագումար շրջանառությունը 1 տարվա ընթացքում աճել է 27.5%-ով՝ կազմելով 10.2 տրլն ռուբլի (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 327 մլրդ ԱՄՆ դոլար)։

Ֆավորիտները, ըստ Forbes-ի, այն ընկերություններն են, որոնք օգնում են իրագործել հսկայական պետական նախագծերը, շինարարություն են անում, ճանապարհներ և խողովակաշարեր են կառուցում։ Բայց միայն նրանք չէ, որ աճել են, նկատում է Forbes-ը՝ ի մասնավորի նշելով նաև ագրոհոլդինգներին, ավտոմեքենաների առևտրականներին և այլոց։

Forbes-ի վարկանշային աղյուսակը կազմվել է՝ հիմնվելով 2011թ.-ի հասույթի ցուցանիշի վրա։ Ըստ այդմ՝ խոշորագույն ընկերությունը նավթավերամշակման և էներգետիկայի ոլորտում մասնագիտացած «ՏԱԻՖ» ընկերությունն է, որի հասույթը 2011-ին կազմել է 433.5 մլրդ ռուբլի (շուրջ 14 մլրդ դոլար)։ Այս ընկերությունում աշխատում է 45 800 մարդ։ 2-րդ տեղում շինարարական «Ստրոյգազկոնսալտինգն» է՝ (333 մլրդ ռուբլի հասույթ, 60 000 աշխատող), իսկ լավագույն եռյակը եզրափակում է մեծածախ առևտրով զբաղվող «Մեգապոլիս» ընկերությունը (316 մլրդ դոլար, 13 843 աշխատող):

Մեր հայրենակից Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունն այս տարի զբաղեցրել է 32-րդ տեղը՝ 77 մլրդ ռուբլի (շուրջ 2.5 մլրդ դոլար) հասույթով։ 2011-ի արդյունքներով «Տաշիրն» ունեցել է 35 700 աշխատող։ Ի դեպ, թեև տարեկան կտրվածքով «Տաշիրի» հասույթը շուրջ 20% աճ է գրանցել, այնուամենայնիվ, ընկերությունը նախորդ տարվա 30-րդ տեղից երկու կետով ներքև է իջել։

«Տաշիրի» մասին տեղեկանքում Forbes-ը նշում է. որ ընկերությունը հիմնվել է 1999 թ.-ին հայաստանյան ծագումով Սամվել Կարապետյանի կողմից՝ «Կալուգագլավսնաբ» մեծածախ ընկերության հիմքի վրա։

Այժմ «Տաշիր» խմբի մեջ մտնում են մի քանի շինարարական ընկերություններ, շինանյութերի, ստվարաթղթի և սննդամթերքի արտադրության գործարաններ, լցակայանների ցանց, բանկ և էլեկտրացանցային ընկերություն։

«Տաշիրը» կառուցել է ավելի քան 65 օբյեկտներ՝ ընդհանուր 1.8 մլն քմ տարածքով, այդ թվում՝ 19 առևտրա-զվարճանքային կենտրոններ, 7 գրասենյակային կենտրոններ և 7 հյուրանոց Ռուսաստանի տարբեր ռեգիոններում և Երևանում:

2011-ին «Տաշիրը» սկսեց 7 նոր դեվելոփերական նախագծեր՝ դրանցում ընդհանուր առմամբ ներդնելով 1 մլրդ դոլար:

Forbes-ը նաև հիշեցնում է, որ Տաշիրը Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող մի քաղաքի անուն է, որտեղ և ծնվել է Կարապետյանը:


Նյութը՝ Tert.am-ից

No comments:

Post a Comment